Search

Մեկնարկել է Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը


Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովն իր դռներն է բացել Հայաստանի և Ռուսաստանի բժշկական հանրության առջև: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը բացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ ցանկացած հանդիպում նոր հնարավորություններ է ստեղծում առողջապահության համակարգի զարգացման համար: «Ուրախ եմ փաստել, որ մենք առաջընթաց ենք արձանագրել մասնագիտական համագործակցության շրջանակներում և տարբեր ոլորտներում գործնական բժշկության և բժշկական գիտությունների փոխանակման շրջանակներում»,- ասել է Հայաստանի առողջապահության պատասխանատուն: Ապա Արսեն Թորոսյանը թվարկել է վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի ձեռքբերումներն ու բարեփոխումները մեր երկրում: Համաժողովի շրջանակներում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառի ներկայիս մարտահրավերները, խնդիրները, փոխանակվել են իրենց ձեռքբերումներով և փորձով, ինչպես նաև անդրադարձել այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին: Այնուհետև Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ներկայացվել է Հայաստանում ինսուլտի բուժման պետական ծրագիրն ու սանիտարական ավիացիայի ծառայությունը: Նշենք, որ առաջին հայ-ռուսական առողջապահական համաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին Երևանում: Այնուհետև 2015, 2017 և 2018 թվականներին պարբերաբար կայացել են Մոսկվայում և Երևանում: Վերջիններիս ընթացքում կողմերը ստորագրել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր և համատեղ հայտարարություններ, որոնց շրջանակներում համագործակցություն է ծավալվել առողջապության և բժշկագիտւթյան մի շարք ուղղություններով: Միաժամանակ, այս համաժողովները հարթակ են հայ և ռուս բժիշկների ու գիտնականների համար` հանդիպելու և քննարկելու առողջապահական և բժշկագիտական մի շարք հարցեր:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia