Մեկնարկել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիր
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացնում է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: Ծրագիրը միտված է մանկավարժների մոտ ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում: Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, արտ թերապիայի, ծնող-երեխա մանկավարժ հարաբերությունների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ: Դասախոսությունները վարում են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ գործնական աշխատանքները իրականացվում են մասնագիտացված ներառական կազմակերպություններում: Մանկավարժները դասընթացի ընթացքում նաև ծանոթանում են մշակութային ներառականության վերաբերյալ հաջողված պատմությունների և մասնակցում են մշակութային ներառական միջոցառումների: Ծրագրի բանախոսներն են «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն»-ի տնօրեն Վահան Բադալյանը, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ –ի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, «Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոց»-ի տնօրեն Վերգինե Եսայանը, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Բաբայանը, «Մայրի» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը, ՄԻՊ աշխատակազմի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն» բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը, «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի ծրագրի ղեկավար Նարինե Վարդանյանը, երաժշտական թերապիայի մասնագետ Մարինա Մելիքսեթյանը, «Արմավ» կենտրոնի տնօրեն Արմինե Ավագյանը, նույն կենտրոնի մասնագետներ Ալվինա Հայրապետյանը, Թագուհի Մակարյանը, և այլ մասնագետներ։
Comments