Մեծ Բրիտանիան պետք է կենտրոնանա միջուկային զենքի վրա, այլ ոչ թե զինվորների

Մեծ Բրիտանիան պետք է կենտրոնանա միջուկային զենքի վրա, այլ ոչ թե զինվորների, ասում է միջուկային քաղաքականության նախկին տնօրենը։
Կոնտրադմիրալ Ֆիլիպ Մաթիասը, որը պաշտոնավարել է 2005-2008 թվականներին, նախազգուշացրել է, որ բրիտանացի զինվորականները պետք է ուշադրություն դարձնեն Ռուսաստանի արդիականացված միջուկային ուժերի վրա՝ որպես իրենց գլխավոր խնդիր, «Չինաստանի արագ աճող միջուկային զինանոցի հետ մեկտեղ»:
Նա մեկնաբանություններն արել է ի պատասխան բրիտանական բանակի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ լորդ Դանաթի հոդվածի, որում ասվում է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո բրիտանական պաշտպանական ծախսերի ավելացումը պետք է ուղղվի առաջին հերթին ցամաքային զորքերի մարտունակության բարելավմանը։
Daily Telegraph-ի համար հոդվածում Մաթիասը գրում է. «Այդ երկու տոտալիտար պետությունների դեմ Մեծ Բրիտանիայի հուսալի միջուկային զսպող ուժի ապահովումը պետք է առաջնահերթություն լինի պաշտպանական ծախսերի ցանկացած ավելացման համար, քանի որ հենց այդ կարողությունից են նրանք ամենաշատը վախենում եւ որը կզսպի նրանց էքսպանսիոնիստական հավակնությունները»:
Միջուկային զենքը սովորաբար դասակարգվում է որպես ռազմավարական կամ մարտավարական, որոնցից առաջինն օգտագործվում է պատերազմում հաղթելու համար, իսկ երկրորդը՝ առանձին ճակատամարտում հաղթելու համար:
Անվտանգության բրիտանական Rusi վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանի մարտավարական զինանոցի հեռահարությունը սահմանափակված է մոտ 300 մղոնով՝ ռազմավարական միջուկային հրթիռի համար 3000 մղոնի համեմատ։
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության նախկին խորհրդական սըր Սթիվեն Լավգրովն այս տարվա սկզբին զգուշացրել էր, որ Արեւմուտքը եւ Չինաստանը կարող են «սխալ հաշվարկներ կատարել միջուկային պատերազմի ճանապարհին»: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան «բացահայտ կասկածներ ունի», որ Պեկինն ընդլայնում եւ արդիականացնում է իր միջուկային զինանոցը՝ հավելելով, որ սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի նկատմամբ Չինաստանի «արհամարհանքը» «վախեցնող հեռանկար է»։
Comments