Մեծ Բրիտանիայի տնտեսությունն անսպասելիորեն կրճատվել է 0,3%-ով
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն օգոստոսին անսպասելիորեն կրճատվել է 0,3 տոկոսով, ինչը ռեցեսիայի վերաբերյալ մտավախություն է առաջացրել: Դրանից բացի, երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նույնպես նվազել է՝ վերջին եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ ընկնելով 0,3 տոկոսով, ասվում է Ազգային վիճակագրության գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Գործակալությունը վերանայել է նաեւ հուլիս ամսվա իր գնահատականը՝ հայտնելով 0,1% աճի մասին, հայտնում է Politico-ն։ Զեկույցի համաձայն՝ տնտեսական անկման մեջ մեծ դեր ունի արտադրական ոլորտը, որը անկում է ապրել 1,8 տոկոսով: Դեռեւս օգոստոսին Անգլիայի բանկը նախազգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիան «այս տարվա չորրորդ եռամսյակից» ռեցեսիայի է գնում ։ Ռեցեսիան սովորաբար սահմանվում է երկու եռամսյակ անընդմեջ բացասական աճով: Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր Կվասի Կվարթենգը ասել է. «Այժմ աշխարհի երկրները բախվում են խնդիրների, հատկապես Ուկրաինայում Պուտինի բարբարոսական գործողությունների հետեւանքով էներգակիրների բարձր գների հետեւանքով»: «ՀՆԱ-ի տվյալները ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը սարսափելի վիճակում է այս կառավարության պատճառով: Սա Թորիների ճգնաժամն է, որը ստեղծվել է Դաունինգ Սթրիթում», - թվիթերում գրել է Լեյբորիստական կուսակցության ստվերային կանցլեր Ռեյչել Ռիվսը:
Comments