Մեծ Բրիտանիայի նոր թագավորը՝ Կառլոս Երրորդը, պաշտոնապես միապետ կհռչակվի այսօր
- Anews
- Sep 10, 2022
- 3 min read

Մեծ Բրիտանիայի նոր թագավորը՝ Կառլոս Երրորդը, պաշտոնապես միապետ կհռչակվի շաբաթ, սեպտեմբերի 10-ին, գահի ժառանգման պատմական Խորհրդում, տեղեկացրել է The Telegraph-ը։ Արքայազն Չառլզը մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո ավտոմատ կերպով թագավոր է դարձել։ Գահի ժառանգման խորհուրդը սովորաբար գումարվում է Սենթ Ջեյմսի պալատում (Լոնդոն), միապետի մահվանից 24 ժամ հետո։ Այս անգամ դա տեղի է ունենալու ավելի ուշ, որովհետեւ թագուհու մահվան մասին հայտարարությունն արվել է հինգշաբթի երեկոյան, իսկ դա նշանակում է, որ բավականաչափ ժամանակ չի եղել ուրբաթ առավոտյան պլաններն իրականացնելու համար։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ Գաղտնի խորհուրդը հրավիրվում է գահի ժառանգման Խորհրդին՝ հետեւելու նոր միապետի պաշտոնական հռչակմանը։ Բայց նկատի ունենալով այն, որ գաղտնի խորհրդականների թիվը, որոնք ցմահ անդամներ են եւ հիմնականում նախկին ու ներկա քաղաքական գործիչներ ու ներկայում ավելի քան 700 են, սահմանափակվել է, կանչվելու են միայն 200-ը։ Խորհուրդը պետք է գումարվի խորհրդարանի գումարվելուց առաջ, որը պետք է հրավիրվի սուվերենի մահվանից հետո որքան հնարավոր է շուտ։ Այն բաժանված է երկու մասի եւ ղեկավարվում է Խորհրդի նախագահ-լորդի կողմից, որը նախարարական պատասխանատվություն է կրում Գաղտնի խորհրդի գրասենյակի համար։ Փենի Մորդաունթը Խորհրդի նախագահ-լորդ եւ համայնքների պալատի ղեկավար է նշանակվել սեպտեմբերի 6-ին Լիզ Թրասի նոր կառավարությունում՝ Մարկ Սփենսերի փոխարեն, եւ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել նրա նշանակմանը։ Ընտրված գաղտնի խորհրդականները, առանց թագավորի, կհավաքվեն Սենթ Ջեյսմի պալատում, որպեսզի հռչակեն նոր սուվերենին, նրանց կմիանան պետական պաշտոնյաները, լորդ-քաղաքապետը, թագավորության գերագույն հանձնակատարները եւ որոշ բարձրաստիճան պետական ծառայողներ։ Եթե հրավիրվածներից որեւէ մեկը չկարողանա ներկա գտնվել, Խորհուրդը, միեւնույն է, կկայանա։ Քամիլան՝ նոր թագուհին, եւ Քոռնուոլի եւ Քեմբրիջի հերցոգն արդեն գաղտնի խորհրդականներ են, ուստի ներկա կգտնվեն։ Երբ ժողովն սկսվի, նախագահ-լորդը կհայտարարի սուվերենի մահվան մասին եւ կոչ կանի Խորհրդի քարտուղարին բարձրաձայն կարդալ Գահի ժառանգման հռչակագրի տեքստը։ Վերջինը ներառում է թագավորի անունը։ Չառլզը արդեն իր համար անուն ընտրել է՝ Կառլոս III։ Հետո Քամիլան եւ արքայազն Ուիլյամը, Քենթրբերիի արքեպիսկոպոսը, լորդ-կանցլերը, Յորքի արքեպիսկոպոսը, վարչապետը, Կնիքների պահապան լորդը, լորդ-հոֆմեյստերը, կոմս-մարշալը եւ լորդ-նախագահը կստորագրեն Հռչակագիրը։ Լորդ-նախագահն այնուհետեւ կոչ կանի լռություն պահպանել եւ կկարդա մնացած հարցերը, որոնք վերաբերում են Հռչակագրի տարածմանը եւ տարբեր հրամանների, որոնք ցուցում կտան կրակել Հայդ-պարկում եւ լոնդոնյան Թաուերում։ Դրանից հետո կմտնի թագավորը եւ կանցկացնի իր առաջին խորհուրդը, որին ներկա կգտնվեն միայն գաղտնի խորհրդականները։ Սկզբում նա անձնական հայտարարություն կանի թագուհու մահվան մասին։ Նրա հաջորդ գործողություններից մեկը կլինի երդումը Շոտլանդիայի եկեղեցին պահպանելու մասին, որովհետեւ Շոտլանդիայում գոյություն ունի իշխանության բաժանում եկեղեցու եւ պետության միջեւ։ Նա կկարդա այն բարձրաձայն եւ կստորագրի երկու միանման փաստաթուղթ, որոնք կամրագրեն երդման ընդունումը, նրա ստորագրությունը կհաստատեն Քամիլան եւ Ուիլյամը, ինչպես նաեւ այլ անձինք, ներառյալ Շոտլանդիայի պետական քարտուղարն ու առաջին նախարարը։ Մյուս երդումը՝ Միավորման մասին հռչակագիրը բողոքականնների իրավունքների պահպանման համար, սովորաբար տրվում է մի քանի ամիս հետո, խորհրդարանի բացման ժամանակ։ Կդիտարկվեն նաեւ այլ հարցեր, այդ թվում Կնիքների օգտագործումը, որպեսզի «նպաստեն կառավարության հանձնմանը»։ Գաղտնի խորհրդականները կստորագրեն Հռչակագիր։ Նիստի պաշտոնական արձանագրությունը կհրապարակվի London Gazette-ի հատուկ հավելվածում։ Խորհրդից հետո նոր սուվերենի հռչակման մասին տեքստն առաջին անգամ կկարդացվի բաց երկնքի տակ, Վանական պալատի պատշգամբից, Սենթ Ջեյմսի հերոլդմեյստերի կողմից, կոմս-մարշալի եւ սուվերենի երկու սերժանտի կողմից։ Հետո Հռչակագիրը կկարդացվի Թագավորական բորսայում՝ Լոնդոնի սիթիում։ Այն նաեւ կկարդացվի այլ քաղաքներում, ներառյալ Էդինբուրգը, Քարդիֆը եւ Բելֆաստը, ինչպես նաեւ Վինձորում ու Յորքում, որտեղ քաղաքապետը ոսկե գավաթից կխմի, ինչպես ավանդաբար, նոր սուվերենի կենացը։ Թագադրումը Պրոցեսի խորհրդանշական գագաթը կլինի թագադրման արարողությունը, երբ Կառլոսը պաշտոնապես կստանա թագը։ Քանի որ դրա համար անհրաժեշտ է ինչպես հարկն է պատրաստվել, այն հազիվ թե շուտ տեղի ունենա։ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին միապետ է դարձել 1952թ., բայց թագադրվել է 1953թ. հունիսին, տեղեկացրել է BBC-ին։ Վերջին 900 տարիների ընթացքում թագադրումը տեղի է ունեցել Վեսմինսթերյան աբբայությունում։ Առաջին բրիտանական միապետը, որն այնտեղ թագադրվել է, Վիլհելմ Նվաճողն էր, իսկ Կառլոսը կդառնա քառասուներորդը։ Արարողությունը անգլիկանական եկեղեցական ժամերգություն է, որն անցկացնում է Քենթրբերիի արքեպիսկոպոսը։ Թագադրման վերջում նա Կառլոսի գլխին կդնի Սուրբ Էդուարդի թագը, որը պատրաստվել է մաքուր ոսկուց 1661թ.։ Այն բրիտանական թագերի գլխավոր առարկան է, որը պահվում է լոնդոնյան Թաուերում, միապետն այն կրում է միայն թագադրման պահին (որովհետեւ 2,23 կիլոգրամ է)։ Ի տարբերություն թագավորական հարսանիքների, թագադրումը պետական միջոցառում է, դրա կազմակերպման համար վճարում է կառավարությունը, որն էլ կազմում է հրավիրվածների ցուցակը։ Թագադրման ժամանակ հնչելու են երաժշտություն, հատվածներ տարբեր տեքստերից, կատարվելու է նոր միապետի օծման ծես՝ տարբեր անուշաբույր յուղերի, այդ թվում նարնջի, վարդի, դարչինի, մուսկուսի յուղերի օգտագործմամբ։ Նոր թագավորը թագադրման երդում կտա ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մանրակրկիտ մշակված արարողության ժամանակ նա կստանա թագավորական գունդն ու գայիսոնը՝ որպես իր նոր դերի խորհրդանշաններ, եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսը նրա գլխին կդնի ոսկե թագը։ Ազգերի համագործակցության ղեկավարը Կառլոսը կդառնա Ազգերի համագործակցության ղեկավար. դա 56 անկախ երկրների ասոցիացիա է, որտեղ ապրում է 2,4 մլրդ մարդ։ Մեծ Բրիտանիայից բացի՝ նա կլինի 14 պետությունների ղեկավար։ Դրանց թվում են՝ Ավստրալիան, Անտիգուա-Բարբոդան, Բահամները, Բելիզը, Կանադան, Գրենադան, Յամայկան, Պապուա Նոր Գվինեան, Սենթ Քրիստոֆերը եւ Նեւիսը, Սենթ Լյուսիան, Սենթ Վինսենթը եւ Գրենադինները, Նոր Զելանդիան, Սողոմոնյան կղզիները եւ Տուվալուն։
Comments