Search

Մարբեյը, DJ Smoke-ը և այլ արվեստագետներ միացել են կորոնավիրուսային վարակը հաղթելու նախաձեռնությանը


Երգչուհի Մարբեյը, DJ Smoke-ը և այլ արվեստագետներ միացել են կորոնավիրուսային վարակը հաղթելու նախաձեռնությանը։ Արվեստի՝ այս դեպքում՝ երաժշտության միջոցով նրանք փորձում են պայքարել համավարակի դեմ։ «Win Corona» (Հաղթենք վարակը) շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրվել է երկու արտիստների մասնակցությամբ երգի տեսահոլովակ, որը, երգից բացի, ներառում է խորհուրդներ՝ ինչպես պայքարել համավարակի դեմ։ Ընդ որում՝ սա պարզապես հոլովակ չէ․ նորարարական մեթոդի օգնությամբ յուրաքանչյուր մարդ կարող է Մարբեյի հետ դուետ ստեղծել՝ հատուկ մշակված wincorona.org կայքի միջոցով։ Պետք է պարզապես մուտք գործել կայք և պատմել վարակը հաղթելու սեփական մեթոդի մասին՝ հետևելով երգին, և եզրափակել երգը դիմակ կրելու և կյանքեր փրկելու կոչով։ «Այսօր մենք պայքարում ենք մի թշնամու դեմ, որի անունն է COVID-19: Այն արագորեն տարածվում է և օր օրի ավելի վտանգավոր դառնում: Ուստի՝ եկեք վարակենք միմյանց բարձր տրամադրությամբ ու դրական զգացմունքներով։ Մենք առաջարկում ենք, որ մարդիկ ստեղծարար կերպով ներկայացնեն իրենց ասելիքը։ Գուցե նրանցից ոմանք լավ երգում են, ոմանք՝ ասմունքում կամ այլ հետաքրքիր մոտեցում են առաջարկում։ Տեսահոլովակի հիման վրա կայքի միջոցով ներկայացնելով վարակը հաղթելու իրենց տարբերակը՝ մարդիկ մեկ օրում կարող են հայտնի դառնալ՝ Մարբեյի հետ հիթային դուետի շնորհիվ: Այդպիսով՝ կոչ ենք անում միանալ նախաձեռնությանն ու վարակին հաղթել արվեստով...»,-նշում են «Win Corona» շարժման հեղինակները։ Ի դեպ, «Win Corona» շարժմանը շուտով կմիանան նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ, կներկայացվեն ոլորտի միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների ցուցումներ։ Եվ յուրաքանչյուր անձ կկարողանա իր դուետը ստեղծել արվեստի ներկայացուցիչների հետ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia