Search

Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության կողմից նախաձեռնված հարկային փոփոխություններով ներդրվում է միկրոձեռնարկատիրության համակարգ, համաձայն որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից: Օրենքով սահմանված է բացառությունների ցանկը, ովքեր չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Նշյալ ցանկում են ներառված Երևան քաղաքում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրով զբաղվողները հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները:

Այս բացառությունները չունեն որևէ տրամաբանություն, քանի որ շրջանառության սահմանափակումն արդեն իսկ սահմանափակում է սուբյեկտի շահույթի ծավալը և, հաշվի առնելով, որ այս համակարգի ներդրման նպատակներից մեկը սոցիալական աջակցությունն է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներին, անհասկանալի է Երևան քաղաքում առևտրական գործունեության համար բացառության կիրառումը, քանի որ այդ ոլորտը Երևանում չունի որևէ հավելյալ շահույթ ստանալու հնարավորություն, քան մարզերում: Ավելին, հաշվի առնելով խոշոր խանութների, սուպերմարկետների առկայությունն ու մեծ մրցակությունը, շատ հաճախ մայրաքաղաքում նույն բիզնեսն ունի ավելի փոքր շահութաբերություն:      Մյուս կողմից, Երևանում աղքատության մակարդակը չի զիջում բազմաթիվ մարզերում աղքատության մակարդակին, և վաստակած նույն գումարը Երևանում ունի ավելի քիչ գնողունակություն՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման մասով:

Հանրային սննդի պարագայում սահմանափակման կիրառումը հանրապետության ամբողջ տարածքում ավելի անհասկանալի է, քանի որ մարզերում հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ նաև զբոսաշրջության զարգացման համար հանդիսանում են ենթակառուցվածքներ և, ի տարբերություն առևտրային գործունեության, հանրային սննդի ոլորտը ներգրավում է ավելի շատ աշխատակիցներ, որը սոցիալական աջակցության տեսանկյունից խրախուսման ավելի մեծ կարիք ունի:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ` նշված երկու բացառությունները հանելու նպատակով, ինչը հնարավորություն կտա, իրոք, ամբողջական աջակցություն ցուցաբերել միկրոբիզնեսին՝ ինչպես սոցիալական, այնպես էլ բիզնեսի զարգացման տեսանկյունից»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia