top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ հուշարձանի մոտ նշվեց Խաղողօրհնեքը


Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ավանդաբար նշվում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:


2016 թվականին` Տիրամորը նվիրված տոնին, գյուղի կենտրոնական պուրակում կայացավ «Մայրություն» հուշարձանի օծումը, որի նախաձեռնողը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, ջրաշենցի Ատոմ Մխիթարյանն է։ Վերջինիս մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի անաղարտ կերպարը։

Այսօր ևս պուրակը մարդաշատ էր․ Խաղողօրհնեքի տոնակատարությունը համախմբել էր ողջ համայնքին ազգային-ավանդական և հոգևոր արժեքների շուրջ։

««Մայրություն» հուշարձանը մեզ հիշեցնում է մեր մայրերի, մեր ընտանիքների կարևորությունը և մեր ազգի անխախտ ուժը։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը՝ իր մայրերի առաջնորդությամբ, դիմակայել է անհաղթահարելի թվացող մարտահրավերներին։ Այս հուշարձանը կանգնեցվել է որպես հարգանքի տուրք մեր մայրերին՝ որպես ազգային արժեքների կրողներ ու սերնդե սերունդ փոխանցողներ։ Եվ այսօր, երբ Հայոց եկեղեցին օրհնում է խաղողը, մենք մեր սրտերում նորոգում ենք մեր հավատքը և հավատարմությունը մեր արժեքներին ու ավանդույթներին», - իր ելույթում նշեց նախաձեռնության հեղինակ Ատոմ Մխիթարյանը։

Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց տարվա բերքն ու բարիքը՝ աղոթք հնչեցնելով առ Աստված,- «Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»:




Միջոցառմանը ելույթ ունեցավ մանկավարժ Քնքուշ Բաղդասարյանը, ով կարևորեց ավանդական դարձած տոնակատարությունը համայնքի երիտասարդության համար՝ արժևորելով դրա դաստիարակչական նշանակությունը։



Մշակութային հատվածում ելույթ ունեցան «Տարոնցիք» երգի-պարի համույթի տաղանդավոր սաները։ «Արդեն ութ տարի գյուղն այս օրերին գունավորվում և լույսով է լցվում, մեր երեխաները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց երգն ու պարը։ Ատոմ Մխիթարյանի շնորհիվ դպրոցականների և երիտասարդների համար լայն հնարավորություն է ստեղծվել ինքնադրսևորման և ինքնահաստատման համար»,- իր ելույթում նշեց «Տարոնցիք» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անահիտ Մելոյանը։






Տրավերտինից ու բազալտից քանդակված «Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Հուշարձանը տեղադրվել է գյուղի կենտրոնում գտնվող՝ երկրաշարժից հիմնահատակ փլված դպրոցի տարածքում։





Արարողության ավարտին օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկաներին։




Արինէ

Ջրաշեն- Երևան

0 comments

Commenti


bottom of page