Search

Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում(Տեսանյութ)


Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում: Համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղավ մի շարք գրադարաններում:

«Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակում գտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպես պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում, իսկ կառավարման ներկա համակարգը մեզ թույլ չի տալիս իրականացնել համաչափ զարգացում, որովհետև գրադարանների մի մասը ենթրակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որը ենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ իս, արդյունավետ չէ»,- նկատում է փոխքաղաքապետը:

Ընդգծելով միասնական համակարգի ներդրման կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր ոլորտում գրանցել ձեռքբերումներ:

«Ինչպես տեսնում ենք, այս գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններ ուղղակի իներցիայի ուժով ապրում են: Երևանի գրադարանների կառավարման նոր համակարգը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից և պետք է բխի գրադարաններով ապրող ու իրենց ժամանակի որոշակի մասը գրադարաններում անցկացնող մարդկանց շահերից: Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշ տեղերում գոհացուցիչ է, որոշ տեղերում՝ շնորհակալության արժանի, բայց, ցավոք սրտի, շատ տեղերում նույնիսկ բավարար չէ, և այս մասով մենք անելիք ունենք», - ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստուգայցով եղավ նաև Նուբարաշենի երաժշտական դպրոցում և նորակառույց մանկապարտեզում:

Վարչական շրջանի նոր նախակրթարանն առաջիկայում իր դռները կբացի 132 սաների առջև:

Անակնկալ ստուգայցերը համայնքային կազմակերպություններում լինելու են շարունակական:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia