Search

«Մամ ջան, ի՞նչ հանգիստ, ես պետք եմ Արցախին»․ անմահացած Ալեն Բեգլարյան

Կապանցի Ալեն Բեգլարյանը դեռ մանկուց է սիրել զինվոր լինել։ Խաղալիքների մեծ մասը կամ զենքեր էին, կամ էլ ռազմական մեքենաներ։ Ծնողներին ստիպում էր որ իրեն «սալդատի շորեր հագցնեն»։

Ասում էր մեծանամ՝ անպայման զինվոր եմ դառնալու։ Դպրոցում սովորելու տարիներին էլ դարձավ պատանի երկրապահ։


Սպորտով էր զբաղվում, ավտոմեքենաների նկատմամբ սեր ուներ։ «Չարաճճի, աշխույժ, բարի տղա էր»,–պատմում է Ալենի եղբոր կինը՝ Աստղիկ Ոսկանյանը։ 13 տարեկան էր Ալենը, երբ Աստղիկն ամուսնացավ եղբոր՝ Ռաֆիկի հետ։



«Ես եղբայր չունեմ, Ալենը դարձավ իմ եղբայրը, կիսվում էի հետը՝ ամեն ինչով, ինքն էլ ինձ էր վստահում իր գաղտնիքները։ Դարձա նրա քույրիկը, ինքն էլ իմ եղբայրը»,–ասում է Աստղիկը։

Ալենը Մատաղիսում է ծառայել, 2020թ․ հուլիսին է զորացրվել։ Ծառայության ընթացքում որպես խիզախ ու պարտաճանաչ՝ համարվել է զորամասի լավագույն զինծառայողներից մեկը։

Զորամասի հրամանատարությունը Ալենի ծնողներին շնորհակալագիր է ուղարկել։

Նաեւ արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։ Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ օրը ներկայացավ զինկոմիսարիատ, բայց մերժեցին։ Պատճառաբանությունը՝ զորացրվելուց մեկ տարի չի անցել ։ «Իսկ երբ վարչապետը կոչ արեց զինծառայությունը նոր ավարտածներին հավաքվել՝ ուրախացավ։ Ժամանակ չկորցնելով իջավ զինկոմիսարիատ»,–ասաց Աստղիկը։

Զինկոմիսարիատում, այս անգամ էլ ասացին, որ պիտի սպասի։ Մի քիչ բարկացած վերադարձավ տուն: Մայրը, տնեցիները փորձեցին սփոփել՝ ասելով, որ դեռ երկու ամիս է, ինչ զորացրվել է, նրան հանգիստ է պետք։


«Ասաց՝ մամ ջան, ի՞նչ հանգիստ, ես պետք եմ Արցախին, էնդեղ եմ ծառայել, ամեն մի թուփն ու քարը գիտեմ։ Իմ նմանների կարիքը կա Արցախում»,–հիշում է Աստղիկը։ Նույնիսկ եղբայրն ասաց, եթե պետք լինի ինքը կգնա կռվելու, թող Ալենը մնա տանը։ «Չէ՛ Ռաֆո, ո՞նց կլինի, դու ամուսնացած, երկու երեխա ունես, բա որ մի բան լինի։ Ես դեռ մենակ, ես կգնամ»,–հակաճառեց ավագ եղբորը։

Պատերազմական իրավիճակը գնալով սրվում էր։ Պաշտոնյաներն ամեն օր կամավորագրվելու կոչեր էին անում։ Ալեն Բեգլարյանն էլ կամավորագրվեց։ Անպայման Արցախ էր ուզում գնալ, բայց իրենց ջոկատին կցագրեցին սահմանամերձ Դավիթբեկ գյուղի ինքնապաշտպանությանը։ Հերթափոխով էր։ Տունն էր գալիս ու նորից գնում հերթափոխի: Ներքուստ մտահոգ էր, բայց արտաքուստ ցույց չէր տալիս։ Նույնիսկ Աստղիկի հետ չէր կիսվում, թե ինչ է կատարվում։ «Ասում էր՝ կներես, ռազմական գաղտնիք է, բայց լավ է լինելու, դրանք չեն մտնի մեր հողերը»,–հիշում է Աստղիկը։

Նոյեմբերի 8-ին հերթափոխի էր, տնից առավոտը գնաց Դավիթբեկ ու այդ օրն էլ զոհվեց 20-ամյա Ալեն Բեգլարյանը։ Թշնամու արկը հարվածել էր նրանց խրամատին։

Ալենի ավագ եղբայրը երկու տղա ունի՝ 6-ամյա Արթուրը եւ 2 տարեկան Ալենը։ «Փոքր տղաս երբ ծնվեց, ամուսինս ու մեծ տղաս որոշեցին Ալեն անվանակոչել։ Հիմա տանը Ալեն ունենք։ Ալեն Բեգլարյան»,–մեր զրույցը եզրափակեց Աստղիկը։

Կմեծանան Ալեն Բեգլարյանի եղբոր որդիները, ավելի շատ բան կիմանան իրենց անմահացած հերոս հորեղբոր մասին ու գուցե տարիներ անց հետ բերեն մեր կորսված հողերը։ Ու այդ ժամ այցելելով Բաղաբուրջի հուշահամալիրում ամփոփված հորեղբոր շիրիմին՝ կասեն․ « Հոպար ջան, կիսատ թողած գործդ ավարտեցինք․․»։

Եվ ոչ միայն իրենց հորեղբոր, այլ հուշահամալիրում ամփոփված բոլոր հերոսների գործը․․․․․





Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը (տեսանյութ)

Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին. Արման Աբովյան

Ես հիմա հանունի համար եմ կանգնած. Արփինե Հովհաննիսյան

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Լուսանկարներ օկուպացված Հադրութից

Ողբերգության հանգեցրած կառավարությունը պետք է գնա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: