Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Մահվան դեպքեր բանտերում․ բուժսպասարկման հասանելիության խնդիրները ՔԿՀ-ներում


Տեղի ունեցավ քննարկում՝ «Մահվան դեպքեր բանտերում․ բուժսպասարկման հասանելիության խնդիրները ՔԿՀ-ներում» թեմայով։Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողությաւն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Դիանա Հովսեփյանը և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը։

Քննարկման սկզբում Անդրանիկ Բաղդասարյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վիճակագրությունը՝ նշելով, որ 2019թվ․ հունվար-հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք։ «Արձանագրված մահերը կապված են հիմնականում սիրտանոթային համակարգի հիվանդությունների հետ՝ 5 դեպք, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման հետ՝ 1 դեպք, ինքնասպանություն՝ 2 դեպք, սուր լեյկոզ` 1 դեպք, գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ` 2 դեպք, այլ հիվանդություններ՝ 2 դեպք»։

Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ այս 6 ամսվա ընթացքում 13 մահվան դեպք ունենալը խիստ մտահոգիչ է և վկայում է ՔԿՀ-ներում բուժսպասարկման ոլորտում առկա խնդիրների մասին։

«ՔԿՀ-ներում ժամանակին չեն իրականացվում այն հետազոտությունները, որոնք կբացահայտեն անձի մոտ առկա առողջական խնդիրները, իսկ իրականացման դեպքում էլ չեն լինում պատշաճ որակի»։

Խոսելով ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի մասին՝ Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ մահվան հանգեցնող դեպքերի մեծամասնությունը կապված է սիրտանոթային հիվանդությունների սրման հետ։ Ըստ բանախոսի՝ դրա պատճառը պահման պայմաններն են և օդափոխության համակարգի բացակայությունը։

«Նուբարաշեն ՔԿՀ-ում գերբնակեցման պայմաններում 8 անձի համար նախատեսված խցում պահվում էր 15 անձ, հիմա էլ որոշ խցերում գերբնակեցում կա։ Արմավիրում ևս օդափոխության համակարգի խնդիր կա, ինչը հանգեցնում է այս հիվանդության սրմանը»,-շեշտեց Ռևազյանը։

Անդրանիկ Բաղդասարյանը նկատեց, որ արդեն իսկ ՀՀ բոլոր ՔԿՀ-ները ապահովված են 24-ժամյա բժշկական սպասարկման հնարավորությամբ, բայց բժշկական անձնակազմում կան լուրջ խնդիրներ։

«Խնդիրները հիմնականում կապված են աշխատակիցների համապատասխան տարիք ունենալու, անհրաժեշտ բժշկական ստուգում անցնելու պահանջների, ինչպես նաև մեծ լարվածության պայմաններում ցածր աշխատավարձով աշխատելու հետ»։

Դիանա Հովսեփյանի խոսքով՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ը զբաղվում է քրեակատարողական ծառայողների և հարկադիր ծառայողների վերապատրաստումով և հատուկ ուսուցումով, սակայն անկախ բժշկական սպասարկում իրականացնող անձնակազմի վերապատրաստման մակարդակից՝ ՔԿՀ-ներում տեխնիկայի և այլ անհրաժեշտ պայմանների բացակայությունը խանգարում է տեղում բուժօգնություն ցույց տալուն և գիտելիքները գործածելուն։

Անդրադառնալով ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջական խնդիրներին և կյանքի հետ անհամատեղելիությանը՝ Ռոբերտ Ռևազյանը կարևորեց նաև ծանր հիվանդություններ ունեցող անձանց կյանքի վերջին օրերը ընտանիքում անցկացնելու անհրաժեշտությունը։

 «Եթե ՔԿՀ-ում գտնվող անձի առողջական վիճակը ծանր է և նա մահվան եզրին է, պետք է հնարավորություն տալ նրան ընտանիքում անցկացնել վերջին օրերը։  Սակայն այստեղ ընթացակարգերի բացակայություն կա․ չկան գործը քննելու հստակ ժամկետներ, պրակտիկայում եղել է դեպք, երբ այս գործընթացը 10 ամիս է տևել, սա արդեն անմարդկային վերաբերմունք է»,-ասաց Ռևազյանը։