top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը Ադրբեջանի էթնիկ զտումների արշավին վերջ դնելու կոչ է արել


Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանն ասել է, որ միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չպետք է Ադրբեջանին «լիցենզիա շնորհի»՝ իրականացնելու էթնիկ զտումների իր արշավը։ Սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում, Նաիրի Պետրոսյանն ասել է. «Մենք զգում ենք Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների և դրանցից բխող վարքագծի անտեսման սարսափելի հետևանքները։ Դրա ամենաթարմ օրինակը 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիան էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ Նաիրի Պետրոսյանն ասել է, որ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մշտական փորձերը՝ կա՛մ բացահայտ ռազմական ագրեսիայի, կա՛մ հայերին տարրական իրավունքներից զրկելու միջոցով, խախտում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր։ «Ադրբեջանը շատ տնային աշխատանք ունի կատարելու, որը չի սահմանափակվում բացառապես միջազգային մարդասիրական իրավունքով», – ասել է նա: Նաիրի Պետրոսյանը նաև հիշեցրել է, որ դեռևս 2007 թվականին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ։ «Ադրբեջանը, սակայն, անտեսեց այդ պահանջը և շարունակեց էթնիկ զտումների իր քաղաքականությունը», – շեշտել է Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ, 2022թ. օգոստոսին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանում շրջանակներում կոմիտեի փորձագետ Չինսունգ Չունգը նշել էր, որ «բազմաթիվ հաղորդագրություններ են եղել ռասայական հողի վրա էթնիկ հայերի խոշտանգումների և սպանությունների մասին՝ Ադրբեջանի իշխանությունների և զինվորականների կողմից»:

0 comments

Comments


bottom of page