ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ: Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո խորհրդակցությունների սրահում: Մուտքը խիստ սահմանափակ է: Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։ Նշենք, որ վարձկանների կիրառման հարցերով՝ որպես որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը ստեղծվել է 2005 թվականի հուլիսին այն ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: 2022 թվականին խմբի մանդատը լրացվեց Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Նախագահող-զեկուցողն է պարոն Ռավինդրան Դանիելը (Հնդկաստան): Մյուս անդամներն են՝ տիկին Ելենա Ապարաքը (Խորվաթիա), պարոն Կառլոս Սալազար Կոուտոն (Պերու), պարոն Քրիս Կվաջան (Նիգերիա) և տիկին Սորչա ՄաքԼեոդը (Միացյալ Թագավորություն): Աշխատանքային խմբերը Մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ ընթացակարգերի մաս են կազմում: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի անկախ փաստահավաք և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը անդրադառնում է կամ երկրի կոնկրետ իրավիճակներին, կամ թեմատիկ խնդիրներին աշխարհի բոլոր մասերում: Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն ստանում։ Նրանք անկախ են որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց հնարավորությունների չափով: Լրացուցիչ տեղեկությունների և լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք դիմել՝ hrc-wg-mercenaries@un.org կամ Ալիա Էլ Խատիբին (alia.elkhatib@un.org) և/կամ Լաուրա Ռամիրեսին (laura.ramirezbarrios@un.org): ՄԱԿ-ի այլ անկախ փորձագետների վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք կապվել Մայա Դերուազի (maya.derouaz@un.org) և Դհարիշա Ինդրագուպտայի հետ (dharisha.indraguptha@un.org):
Comentários