ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային զինված ուժեր տեղակայել Հայիթիում
Հայիթիում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հարկավոր է կղզում միջազգային զինված ուժեր տեղակայել։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրությանը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ գլխավոր քարտուղարը նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ անվտանգության ոլորտում Հայիթիին աջակցելու տարբերակներով։ Մասնավորապես, Գուտերիշի կարծիքով՝ զորքերի ներկայությունը կօգնի ապահովել ջրի, վառելիքի, պարենի եւ դեղամիջոցների առաքումը երկրի հիմնական նավահանգիստներից եւ օդանավակայաններից երկրի բժշկական հաստատություններին եւ բնակավայրերին։ «Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, շտապ դիտարկել Հայիթիի կառավարության հարցապնդումը՝ կղզում անհապաղ միջազգային զինված ուժեր տեղակայելու վերաբերյալ՝ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։
Comentarios