top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Օդեսայի հրթիռակոծությունները


Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն Օդեսայի վրա հրթիռային հարձակումների մասին։

«Գլխավոր քարտուղարը միանշանակ դատապարտում է ուկրաինական Օդեսա նավահանգստի վրա այսօրվա հարձակումների մասին լուրերը։

Երեկ բոլոր կողմերը համաշխարհային հարթակում հստակ պարտավորություններ ստանձնեցին՝ ուկրաինական հացահատիկի եւ դրա հետ կապված ապրանքների անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներ ապահովելու համար։ Այդ ապրանքները կարեւոր նշանակություն ունեն՝ պարենային գլոբալ ճգնաժամը լուծելու եւ ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար: Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի կողմից պարտավորությունների լիարժեք կատարումը պարտադիր է»,- ասված է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ էր արել ՄԱԿ-ին եւ Թուրքիային ապահովել Ռուսաստանի պարտավորությունների կատարումը հացահատիկային միջանցքի անվտանգ գործունեության շրջանակներում։

Իրավիճակը մեկնաբանել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ասել է, որ Օդեսայի հարվածները կասկածի տակ են դնում որոշ կողմերի՝ «հացահատիկային գործարքի» պայմանները կատարելու պատրաստակամությունը։ Հարձակման հետեւանքով բռնկված հրդեհը մարվել է։ ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել միջադեպը, գրում է «Կոմերսանտ»-ը:

0 comments

Comments


bottom of page