ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:
«Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Միջանցքում տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության հիմնական միջոցներին և ծառայություններին մշտական հասանելիություն ապահովելու, ինչպես նաև ապահովելու համար, որպեսզի կանայք կարողանան անվտանգ ծննդաբերել»,- ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, որպեսզի կանանց և աղջիկներին, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խավերին հասանելի լինեն առաջին անհրաժեշտության իրերն ու ծառայությունները:
Comments