top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրաքյան Դոհուկ նահանգի հանգստյան գոտու գնդակոծությունը


Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2022-ի հուլիսի 20-ին Իրաքի Դոհուկ նահանգում տեղի ունեցած հարձակումը։ Հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ասվում է Խորհրդի ղեկավար Ռոնալդու Կոստա Ֆիլյոյի տարածած հայտարարության մեջ: «Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին, Իրաքի եւ Իրաքյան Քրդստանի կառավարությանը, վիրավորներին շուտափույթ եւ լիակատար ապաքինում մաղթել եւ աջակցություն հայտնել Իրաքի իշխանություններին իրենց հետաքննության մեջ։ Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր անդամ պետություններին ակտիվորեն համագործակցել Իրաքի կառավարության եւ բոլոր համապատասխան մարմինների հետ՝ հետաքննություններին աջակցելու համար: Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունն Իրաքի անկախությանը, ինքնիշխանությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական գործընթացին եւ բարգավաճմանը»,- ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքը Թուրքիայի դեմ բողոք էր ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ նշված էր թուրքական 22700 խախտում, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած հարձակման զոհերի անունները:

0 comments

Comments


bottom of page