top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է արել թալիբներին թույլ տալ, որ կանայք սովորեն բուհերում


ՄԱԿ Անվտանգության խորհուրդն անհանգստացած է, որ թալիբները («Թալիբան» շարժումը ենթարկվել է ՄԱԿ պատժամիջոցներին ահաբեկչական գործունեության համար) արգելել է ուսանողուհիներին շարունակել ուսումն Աֆղանստանի բուհերում եւ կոչ է արել հրաժարվել այդ քաղաքականությունից, նշվել է մամուլի համար Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունում։

«Անվտանգության խորհուրդը խորապես անհանգստացած է այն տեղեկություններից, որ թալիբները ժամանակավորապես արգելել են կանանց եւ աղջիկներին սովորել համալսարաններում։ Անվտանգության խորհուրդն արտահայտում է իր խորին մտահոգությունը դպրոցները (վեցերորդ դասարանից բարձր) փակելու հետ կապված եւ լիակատար իրավահավասարության կոչ է անում... որպեսզի կանայք եւ աղջիկները մասնակցեն Աֆղանստանի կյանքին»,- ասված է հայտարարությունում։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «Թալիբանին» կոչ է արել նորից բացել դպրոցները եւ շտապ հրաժարվել այդ քաղաքականությունից եւ գործելակերպից, որոնք մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների աղաղակող էրոզիայի մարմնավորումն են»։

Բացի այդ, Անվտանգության խորհուրդը խորապես անհանգստացած է այն տեղեկություններից, որ «Թալիբանն» արգելել է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների աշխատակցուհիներին գնալ աշխատանքի, «ինչը զգալի եւ անմիջական հետեւանքներ կունենա երկրում հումանիտար գործունեության համար»։

Մինչ այդ աֆղանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ թալիբների կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսանողուհիների ուսուցումը Աֆղանստանի մասնավոր եւ պետական համալսարաններում։ Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարը հայտարարել էր, որ աղջիկներին ուսուցանելն աշխարհիկ բուհերում խախտում է իսլամի օրենքները եւ հակասում իսլամական ավանդույթներին։

0 comments

Comments


bottom of page