Ճապոնիայի վարչապետը երկրի գործարար շրջանակներին զգուշացրել է ստագֆլյացիայի վտանգի մասին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հինգշաբթի երկրի գործարար շրջանակներին կոչ է արել արագացնել աշխատավարձի բարձրացումը՝ զգուշացնելով, որ տնտեսությունը կարող է ստագֆլյացիայի մեջ հայտնվնել, եթե աշխատավարձի աճը հետ մնա գների աճից, հաղորդում է Reuters-ը։ «Կան տագնապալի ազդանշաններ, որ ստագֆլյացիա է տեղի ունենում, եթե աշխատավարձի աճը հետ է մնում գների բարձրացումից»,-ասել է նա։ Ստագֆլյացիան ցածր տնտեսական աճի եւ սրընթաց ինֆլյացիայի համադրությունն է, որը զրկում է տնային տնտեսություններին գնողունակությունից։ Կառավարությունը խոստանում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ծախսել 1 տրիլիոն իեն (7,5 միլիարդ դոլար)՝ աշխատողներին վերապատրաստելու համար՝ միաժամանակ խրախուսելով ընկերություններին աշխատավարձի մասշտաբներն ավելի ճկուն դարձնել աշխատավարձի բարձրացման հարցում: Ճապոնական ընկերությունները ընդհանուր առմամբ նախընտրում են վճարել միանվագ բոնուսներ՝ աշխատանքի արդյունքները խրախուսելու համար, այլ ոչ թե բարձրացնել ֆիքսված բազային աշխատավարձը, այնպես որ նրանք կարող են հեշտությամբ կարգավորել անձնակազմի ծախսերը լավ կամ վատ ժամանակներում: Ճապոնիայի արհմիությունների կոնֆեդերացիան՝ Rengo-ն, այս տարի ղեկավարության եւ աշխատողների միջեւ բանակցություններում պահանջում է աշխատավարձի 5 տոկոս բարձրացում: Վերլուծաբանները դա համարում են անհնարին խնդիր, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատավարձի տարեկան աճը միջինում կազմում էր մոտ 2 տոկոս։ Այնուամենայնիվ, ճապոնացի քաղաքական գործիչները պնդում են, որպեսզի ընկերություններն իրականացնեն աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, որը գերազանցում է ինֆլյացիան եւ հենց դրանով բարձրացնում իրական աշխատավարձերը: Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ է աշխարհում մեծությամբ երրորդ տնտեսության մեջ բարենպաստ աճի ցիկլը խթանելու համար։
Comments