Ղրղզստանն ու Տաջիկստանը հակամարտությունը դադարեցնելու փաստաթուղթ են ստորագրել
- Anews
- Sep 26, 2022
- 1 min read

Ղրղզստանի եւ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարները բանակցություններ են վարել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար, կիրակի օրը լրագրողներին ասել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիեւը, փոխանցում է Interfax-ը։ «Բատկեն շրջանի Կըզըլ-Բել անցակետում բանակցություններ են անցկացվել Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովի հետ՝ սահմանին առկա իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա։ Տաշիեւը նշել է, որ տաջիկական կողմի հետ արձանագրություն է ստորագրվել հակամարտությունը դադարեցնելու եւ դրա հետեւանքների մասին։ Նա հույս է հայտնել, որ «արձանագրության բոլոր կետերը կկատարվեն, եւ խաղաղություն ու ներդաշնակություն կլինի ղրղզական եւ տաջիկական հողերում»։ Ղրղզստան-տաջիկական սահմանին զինված հակամարտությունը սկսվել է սեպտեմբերի 14-ին։ Երկու կողմերն էլ հայտնել են զոհերի եւ վիրավորների մասին։ Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի մեջ։ Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զինված բախումների հետեւանքով զոհվել է 62, վիրավորվել՝ 198 մարդ։ Երկրի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Բատկենի շրջանում, նախնական տվյալներով, ավերվել կամ այրվել է մոտ հազար կառույց, այդ թվում՝ 613 բնակելի շենք։ Զոհերի համար հավաքվել է ավելի քան 3,1 միլիոն դոլար։ Ներկայումս Ղրղզստանն ու Տաջիկստանը կատարում են հրադադարի եւ ուժերի դուրսբերման մասին պայմանավորվածությունները։
Comments