Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին տեղեկությունը

Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին տեղեկությունը, հաղորդում է stopfake.kz-ը։
«Որոշ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունը, թե Ղազախստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։
Ղազախստանը կանգնած է ՀԱՊԿ-ի ստեղծման ակունքներում եւ կազմակերպության ակտիվ մասնակից է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին։ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը նախատեսում է իր անդամ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի համար իրավականորեն պարտադիր անվտանգության երաշխիքներ։ Բացի այդ, ՀԱՊԿ-ի շրջանակում մշակվում են միջազգային ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անդրսահմանային հանցագործությունների, տեղեկատվական ոլորտում սպառնալիքների դեմ համատեղ պայքարի հմտություններ։ Այսպիսով, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը Ղազախստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է։
Կարելի է միանգամայն միանշանակ պնդել, որ Ղազախստանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը»,-ասվում է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Comments