Search

ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան Վերա Զիմինան և ինստիտուտի գենետիկ պոլիմորֆիզնմերի հայտնաբերման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կոնստանտին Միրոնովը: Այցի շրջանակում քննարկվել է համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպչական և գիտագործնական հարցերը, որոնք ուղղված են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի բժշկակենսաբանական (ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ) և սոցիալժողովրդագրական գործոնների համալիր վերլուծությանը` կանխարգելիչ միջոցառումները բարելավելու նպատակով: Հյուրերը շրջել են ՁԻԱՀ-ի կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայություններին և իրականացվող աշխատանքներին: Կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ բարձրացվել են հետազոտության ուղեցույցի հետ կապված հարցեր: Միաժամանակ, անցկացվել է սեմինար-քննարկում «Թոքային ախտահարումները ՄԻԱՎ վարակով պացիենտների շրջանում թեմայով, որի ժամանակ մասնագետներն անդրադարձել են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ թոքային ախտահարումների ախտորոշման կլինիկական դրսևորումների ու առանձնահատկությունների, տարբերակիչ ախտորոշման և բուժման գործնական հարցերին: Եռօրյա այցի ավարտին հյուրերը հանդիպել են ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, ամփոփել կատարված աշխատանքները, ուրվագծել հետագա անելիքները: ՌԴ մասնագետների գնահատմամբ` կենտրոնի ներուժը, տեխնիկական հագեցվածությունն ու լաբորատոր ախտորոշման բաժնի հնարավորությունները կնպաստեն գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, հաշվի առնելով կենտրոնի ժամանակակից ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան, քննարկվել է գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում և ՁԻԱՀ-ի կենտրոնում լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia