Հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը կհիմնանորոգվեն. Կգնվի նոր տեխնիկա
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 1,2 մլրդ դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ վերանորոգման նպատակով, ինչպես նաեւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացնելով հարցը՝ նշեց, որ հիմնականում հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 1960-1970-ականներին կառուցված շենքերում, որոնք հնամաշ են, իսկ տեխնիկայի 60 տոկոսից ավելին մարտական հաշվարկների է դրված ԶԻԼ 130 եւ ԶԻԼ 131 մակնիշի մեքենաները, որոնք հնամաշ են եւ դանդաղեցնում են արագ արձագանքման հարցը: Նաեւ դրանք ծախսատար են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հատկացվող գումարի հիմնական մասը ծախսվելու է մի շարք հրշեջ-փրկարարական տեղակայման վայրերի հիմնանորոգման կամ նորոգման համար: Խոսքը Երեւանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի, Աջափնյակի, Էրեբունու, Նոր Նորքի, Ավանի, նաեւ Գեղարքունիքի Մարտունու, Սեւանի, Իջեւանի, Եղվարդի, Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման մասին է:
Վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը ԱԻՆ տեխնիկայի թարմացման առումով շոշափելի աջակցություն է ստացել Ճապոնիայի կառավարությունից, նաեւ Ռուսաստանից: «Նաեւ խոսվում է կենցաղային եւ այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկի թարմացման մասին, խոսքը շուրջ 20 տոկոսի մասին է»,-ասաց նա:
Comments