Հստակ ֆիքսեցինք, թե ովքեր չեն կարող հավակնել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնին. Ժաննա Անդրեասյան

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն արեցինք, որտեղ հստակ ֆիքսեցինք, թե ովքեր չեն կարող հավակնել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցի տնօրենին ներկայացվող պահանջներին՝ ըստ օրենքի վերջին փոփոխության: «Խոսքը ոչ միայն տնօրենի, այլև վարչատնտեսական համակարգողի մասին է: Այդտեղ հստակ ֆիքսել ենք կուսակցական գործունեության վերահսկիչ մարմիններում լինելու արգելքը: Դրել ենք նաև հավելյալ պայմաններ: Նախկինում ունեինք իրավիճակ, որ քրեական գործ էր հարուցվում, օրինակ՝ ֆինանսական չարաշահումների մասով, այնուհետև այդ անձն ընդունում էր իր մեղքը, բերում էր ու փոխհատուցում վնասը, և գործը կարճվում էր, դրանից հետո նա կարողանում էր հանգիստ գալ ու նորից մասնակցել տնօրենի մրցույթին և կրկին դառնալ տնօրեն: Նախորդ տարվա օրենքի փոփոխությամբ հստակ ամրագրել ենք արգելող դրույթը, որ եթե անձի գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով, ապա նա չի կարողանալու մասնակցել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարվող մրցույթներին»,- ասաց Անդրեասյանը:
Comments