top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև


Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել են նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։

Կողմերը անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները, ընդգծել պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Նախարարի տեղակալը նշել է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետևանքները և կարևորել Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշման իրականացումը։

Հռոմ այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Չենտինայոյի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի հետ։

0 comments

Comments


bottom of page