top of page

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

  • Anews
  • Sep 27, 2022
  • 1 min read


Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Հույն պատգամավորներն առանձնակի ուշադրությամբ են ծանոթացել սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հարություն Մարությանը հյուրերին է նվիրել 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:

 
 
 

Kommentare


bottom of page