top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների համաժողով


Հունվարի 23-24-ին Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով երկրորդ միջազգային համաժողովը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և Արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։

Համաժողովի նպատակն էր ընտրությունները կազմակերպող մարմինների միջև կազմակերպել փորձի փոխանակում, ներկայացնել տեխնոլոգիաների ներգրավման կենսունակությունը, տեխնոլոգիական լուծումների դերն ու ազդեցությունը ընտրությունների հաղորդակցության բարելավման, ներառականության, գործառնական ծախսերի նվազեցման, թափանցիկության և վստահության մակարդակի բարձրացման հարցերում:

ԿԸՀ նախագահի տեղակալը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ ԿԸՀ-ում ներդրված և գործող էլեկտրոնային համակարգերը և առցանց հարթակները, ինչպես նաև տեղամասում կիրառվող ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումները։ ԿԸՀ ներկայացուցիչները ամփոփելով այցը նշում են, որ համաժողովին մասնակցությունն արդյունավետ էր, քանի որ հնարավորություն է ստեղծվել քննարկումներ ծավալել տարբեր երկրների ընտրական մարմինների կողմից կիրառվող տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ։

Համաժողովին մասնակցել է շուրջ 43 մասնակից 17 երկրների ընտրական մարմիններից, այդ թվում՝ Անգոլայի, Արգենտինայի, Հայաստանի, Ավստրալիայի, Չիլիի, Խորվաթիայի, Դոմինիկյան Հանրապետության, Ֆիջիի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Կիրիբաթիի, Մավրիկիոսի, Նեպալի, Պարագվայի, Պերուի, Ֆիլիպինների և Սուրինամի, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), միջազգային IDEA (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտ) կազմակերպության ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պաշտոնատար անձինք։

Համաժողովը կրում է շարունակական բնույթ, հաջորդ համաժողովի խորագիրն է՝ «Ներառական ընտրություններ և ընտրությունների ամբողջականություն»։

0 comments

Comments


bottom of page