Հնդկական բանակը սահմանի օդային պարեկման համար գնում է ռեակտիվ պայուսակներ
Հնդկական բանակը սկսել է շտապ ռեակտիվ պայուսակներ գնել՝ սահմանամերձ խոցելի շրջանները, ներառյալ Չինաստանի հետ սահմանը, վերահսկելու եւ մարտական գործողություններ վարելու համար։ Այս մասին տեղեկացրել է CNN News18-ը՝ հղում կատարելով զինվորականների հաղորդումներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքի ցուցադրումը տեղի է ունեցել Ագրայում հնդկական բանակի օդադեսանտային դպրոցում։ Indian Aerospace Defense News-ի Թվիթերում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է պայուսակներ արտադրող Gravity Industries ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրաունինգը ցուցադրում իր Jetpack համակարգի հնարավորությունները ջրամբարի, շենքերի, դաշտերի վրա, ինչպես նաեւ ճանապարհի երկարությամբ՝ մի քանի սանտիմետր բարձրության վրա։ Պաշտոնական հայտարարությունում նշվել է, որ հնդկական բանակի Ագրայի օդադեսանտային դպրոցն (AATS) ուսուցանում է օդային առաքում եւ մարդկանց եւ նյութերի օդային տեղափոխում։ Այն նաեւ տարբեր սարքերի միջոցով օդով տեղափոխման եւ դեսանտավորման հետազոտություններ եւ փորձարկումներ է իրականացնում։ Հնդկական բանակը պատրաստվում է արագացված կարգով գնել 48 ռեակտիվ պայուսակ։
Comments