ՀՅԴ -ն հայտարարություն է տարածել
![](https://static.wixstatic.com/media/439396_8611e4cb613f4dc7ac3fb726561d5936~mv2.jpg/v1/fill/w_545,h_361,al_c,q_80,enc_auto/439396_8611e4cb613f4dc7ac3fb726561d5936~mv2.jpg)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել. «Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:
ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հափշտապ որոշումը իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է արվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը:
ՀՅ Դաշնակցությունը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրության համախմբման աշխատանքները:
Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է:
Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները»:
Kommentare