ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել, այրվածքներ ստացած պահակի վիճակը ծանր է
Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման եւ վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ եւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։
911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» «Արցախգազ» ընկերություններին։
Հրդեհը բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։
Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վերջինիս վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը։
Comments