Search

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է գիտաժողով

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական և ինժեներական գիտական համայնքի, ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ։ Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում. առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման խնդիրներին և խոչընդոտներին անդրադառնալու և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով։ Բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, որպես գիտաժողովի հիմնական նպատակ, նշել է ռազմարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումը՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտել է գիտաժողովի կարևորությունը Հայաստանում ռազմական տնտեսագիտության՝ որպես գիտական առանձին ուղղությանը զարգացմանը նպաստելու և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումով։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներ՝ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը և խմբի գիտնականվերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը։ Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացրել նաև նաև մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Ծավալվել են բովանդակային, հետաքրքիր և օգտակար քննարկումներ, հնչել կարևոր դիտարկումներ Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ: Գիտաժողովի ավարտին որոշում է կայացվել մշտապես պահել ուշադրության կենտրոնում ռազմարդյունաբերության զարգացման հարցերը և շարունակական դարձնել ՊԱՀՀ-ում նման գիտաժողովների կազմակերպումը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia