Search

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին

Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման: Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները: Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի և հասնել նոր հաջողությունների:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia