Search

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին


Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝   Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը:

Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պաշտպանության գործառույթների նորանշանակ համակարգող տիկին Ինսկե Վանդորմաելին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: Միաժամանակ Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի ժնևյան կենտրոնակայանից Հայաստան գործուղված զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին՝ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման մակարդակի գնահատման ուղությամբ ծավալուն աշխատանքի համար:

Քաղաքակիրթ երկրների զինված ուժերի պատրաստության և կիրառման գործընթացներում մեծ տեղ է հատկացվում ՄՄԻ սկզբունքների և դրույթների իրագործմանը՝ ռազմական ուժի նպատակային, համաչափ և տարբերակված գործադրումը, անհարկի մարդկային տառապանք չպատճառելը, քաղաքացիական անձանց պաշտպանվածությունը և ռազմագերիների նկատմամբ պատշաճ վարվեցողության երաշխավորումը: Չնայած անմիջական ռազմական սպառնալիքների առկայությանը և հակառակ կողմից փոխադարձության բացակայությանը, հայկական կողմը խիստ կարևորում է տվյալ մարդասիրական նախաձեռնության իրականացումը և համատեղ գնահատման միջոցառումների արդյունքներով ԿԽՄԿ հետ ստորագրելու է ՄՄԻ-ի ինտեգրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, ով շինծու մեղադրանքների և բեմականացված դատավարության արդյունքում 2019թ. փետրվարին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազարկման: Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն  կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Կ.Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու, ինչպես նաև ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու նպատակով: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia