Search

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ


Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։ Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։ Պաշտպանության նախարարի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։ Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia