ՀՀ շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք:
Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում:
Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին: Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով:
Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար:
Commentaires