ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ավելի քան 250 մլրդ դրամ կհատկացնեն

2023 թվականին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը նախատեսվում է շուրջ 250,3 մլրդ դրամ հատկացնել։ Այս մասին նոյեմբերի 7-ին Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։
Սա, նրա խոսքով, 23 մլրդ դրամով ավելի է, քան 2022 թվականի ցուցանիշները։
«Պետբյուջեից նախարարությանը հատկացված բոլոր միջոցների մոտ 77 տոկոսը կուղղվի կրթությանը, 12 տոկոսը՝ գիտությանը, 7 տոկոսը՝ մշակույթին, 3 տոկոսը՝ սպորտին, իսկ 1 տոկոսը՝ երիտասարդությանը։ Միաժամանակ 2023 թվականի կապիտալ ծախսերը 8 մլրդ դրամով բարձր կլինեն ընթացիկ տարվա ցուցանիշներից։ Դա պայմանավորված է կրթության եւ սպորտի ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմամբ»,- ասաց փոխնախարարը։
Comments