ՀՀ դիտարկում է Հնդկաստանից զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը
Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը, գրում է հնդկական ThePrint-ը: «Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետների վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել: Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»: Հնդկաստանը զգուշությամբ է խոսում Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին՝ Ադրբեջանի հետ պահպանվող լարվածության պատճառով, մի երկիր, որին պաշտպանում են Թուրքիան ու Պակիստանը»,-գրում է թերթը: ThePrint-ը նաեւ հավելում է, որ իր աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հնարավորությունը. «Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ: 2020-ին Հայաստանը Հնդկաստանից գնել է տեղական արտադրության Swathi 4 ռադար, որոնք տեղցափոխվել են Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին: Pinaka հրթիռների վաճառքը տեղական համակարգերի առաջին միջազգային պատվերն էր, Akash հրթիռային համակարգերի պատվերը եւս կլինի առաջինը, եթե պայմանագիրը կնքվի: Այս ֆինանսական տարում Հնդկաստանն ակնկալում է պատմության մեջ իր պաշտպանական արտադրանքի ամենամեծ արտահանումն իրականացնել. Վաճառքը առաջին 6 ամիսներին կազմել է 8 հազար ռուփի, քանի որ վարչապետ Մոդին փորձում է ազատվել այս շատ կարեւոր սեկտորում ներմուծման կախվածությունից:
Comentários