ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր միջբուհական ուսանողական գիտաժողով
Ս/թ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր միջբուհական ուսանողական գիտաժողով «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՀՀ ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը, ով կարևորեց նմանատիպ գիտաժողովների հաճախակի կազմակերպումը, որն ապահովում է ՀՀ տարբեր բուհերի ուսանողների մասնակցությունը՝ դրանով իսկ նպաստելով ուսանողների մասնագիտական կրթությանն ուղղված խնդիրների բացահայտմանն ու վերհանմանը, բուհերի միջև լավագույն փորձի փոխանակմանն ու ներդրմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, ֆ-մ.գ.թ., դոցենտ Ատոմ Մխիթարյանը, ով կարևորեց գիտության լեզվով երիտասարդ և ավագ սերունդների միջև երկխոսության այս ձևաչափը, որն ամրապնդում է տարբեր բուհերում սովորող ուսանողների միջև կապն ու սերտ համագործակությունը, ինչպես նաև լսելի է դարձնում ուսանողների առաջարկները ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումների կայացման գործընթացում: Ա. Մխիթարյանը նշեց նաև, որ նմանատիպ գիտաժողովները նպաստում են ուսանողների կողմից ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացման, լավագույն փորձի ուսումնասիրության, արդյունքների վերլուծության, վերլուծական կարողությունների զարգացմանն ու խնդրի լուծման համապատասխան ուղիների ընտրության կարողությունների ու հմտությունների զարգացմանը:
Գիտաժողովին մասնակցում էին բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողներ Երևանի Հյուսիսային համալսարանից, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից:
Գիտաժողովը վարում էր Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:
Մասնակից ուսանողները հանդես եկան զեկույցներով, որոնցում վերհանել էին մի շարք հիմնախնդիրներ՝ ուղղված ՀՀ-ում բակալավրիատի կրթական ծրագրի բարեփոխման մարտահրավերներին, մագիստրոսական կրթության կազմակերպմանը, բուհ-գործատու փոխհարաբերություններին, մասնագիտական կրթության մեջ բիզնես ինկուբատորների դերի կարևորությանը, բուհերի մրցունակությանը, ուսումնառության որակի գնահատման մեխանիզմներին և մի շարք այլ կարևոր հարցերին:
Գիտաժողովի մասնակից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սպարտակ Հովհաննիսյանը հանդես եկավ «Նախագծային բնապահպանական կրթությունը՝ որպես հետազոտական փորձառությունների ձեռքբերման միջոց» զեկույցով, որի ուսումնասիրության ընթացքում իրականացվել է Երևանի բուսաբանական այգու անձնագիրը: Հետազոտության շրջանակներում նախատեսվում է կազմել այգու երկրաքիմիական քարտեզը և իրականացնել էկոլոգիական ռիսկի գնահատում:
Երևանի Հյուսիսային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանն էլ իր «Ինչպես եմ պատկերացնում բուհ-գործատու փոխհարաբերությունների շրջանակը» զեկույցի շրջանակներում նշեց, որ ուսանողները չեն ստանում կիրառական և հետազոտական անհրաժեշտ հմտություններ, և առաջարկեց ձեռնարկել գործնական քայլեր բուհերի կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Զեկույցների հիմնական դրույթների վերաբերյալ հարցադրումներին ուսանողները պատասխանեցին լրացուցիչ պարզաբանումներով։
Ակնհայտ էր, որ զեկույցներով հանդես եկող բոլոր ուսանողներն էլ իրենց հետազոտությունների շրջանակում կատարել էին բավականին խորը ուսումնասիրություններ և վերլուծություններ՝ ինչպես վերհանելով տարբեր հիմնախնդիրներ, այնպես էլ առաջարկելով դրանց լուծմանն ուղղված մեխանիզմներ:
Գիտաժողովն ամփոփվեց մասնակից ուսանողներին հավաստագրերի հանձմամբ, իսկ լավագույն զեկույցները կհրատարակվեն Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի առաջիկա համարում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
Comments