top of page

ՀԼԱ-ն հրապարակում է covid.pjc.am կայքը

  • Anews
  • Sep 5, 2020
  • 1 min read

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում ստեղծվեց covid.pjc.am կայքը, որտեղ ներկայացված են այս ժամանակահատվածում ՀԼԱ կողմից ստեղծված արտադրանքները: Կայքը ծառայում է ծրագրի հիմնական նպատակի իրագործմանը, այն է՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։

Կայքի կարևոր բաղադրիչներից է «Քրոնիկոն»-ը, որտեղ ըստ օրերի ներկայացված են նաև արտակարգ դրությամբ պայմանավորված որոշումները, ամենօրյա վիճակագրությունները և հանրային ելույթները։ «Ֆոտոցուցահանդես» բաժնում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Հայաստանում արտակարգ դրության օրերը։ «Ոլորտներ» բաժնում տեղադրված են ՀԼԱ կողմից պատրաստված փաստագրական ֆիլմերը՝ սոցիալական, կրթական, առողջապահական թեմաներով։

Կայքում կարելի է գտնել նաև Հանրային լրագրության ակումբի պատվիրակմամբ իրականացված հետազոտությունը՝ արտակարգ դրության ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Կայքից անմասն չի մնացել նաև նաև «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայությունը, որի նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Կայքում ներառված են նաև արտակարգ դրության ողջ շրջանում ՀԼԱ-ի կողմից ստեղծված մեդիա արտադրանքի տարբեր տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ, սոցիալական տեսահոլովակներ։

—————

covid.pjc.am կայքը ստեղծվել է «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ: Ծրագրի արտադրանքներում և հրապարակվող կայքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ԲՀՀ – Հայաստանի դիրքորոշման հետ:


 
 
 

Comments


bottom of page