top of page

Հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման գործում մեծ է ոստիկանության ներդրումը. ԱՀ նախագահ

  • Anews
  • Nov 30, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին այցելել է ներքին գործերի նախարարություն և մասնակցել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր ժողովին: Նախագահը ծաղիկներ է դրել նախարարության տարածքում գտնվող զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև երկրի ղեկավարը մեդալներ ու կոչումներ է հանձնել ԱՀ ոստիկանության մի խումբ ծառայողների՝ միաժամանակ ընդգծելով, որ հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման, ներքին անվտանգության և օրինականության ապահովման գործում մեծ է կառույցի դերակատարումն ու ներդրումը: Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին՝ նշելով, որ նրանց դաստիարակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար: Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար: Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

 
 
 

Comments


bottom of page