Հասարակական տրանսպորտի վարորդները պարտավոր կլինեն օգնել հաշմանդամություն ունեցող ուղևորներին

Հայաստանում հասարակական տրանսպորտի վարորդները պարտավոր կլինեն օգնել հաշմանդամություն ունեցող ուղեւորներին։ Մասնավորապես, նրանք պետք է օգնեն ուղեւորներին ավտոբուս բարձրանալ եւ իջնել։ Այս մասին Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի միջմարզային եւ ներմարզային երթուղիներով շարժվող ավտոբուսների առնվազն 10 տոկոսը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ սահմանված թիվը չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներգրավվածությունը հասարակության կյանքում։ «Հետեւաբար, անհրաժեշտություն առաջացավ վերանայել գործող օրենսդրությունը»,-պարզաբանեց Բաթոյանը։ Խնդիրը լուծելու համար նա առաջարկեց ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր տեսակի ավտոբուսների հասանելիությունը։ Բացի այդ, պատգամավորն առաջարկեց հաշմանդամություն ունեցող ուղեւորներին տրամադրել օժանդակ սարքեր տեղափոխելու իրավունք։ Խոսքը հաշմանդամի սայլակների եւ այլ սարքերի մասին է։ Կարճ քննարկումից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ։
Kommentare