ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան. Լավրով
- Anews
- Oct 12, 2022
- 1 min read

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին Հայաստան ուղարկելու, ինչի համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով հրավիրելու Հայաստանի խնդրանքից անմիջապես հետո այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ միասնական շտաբի ղեկավարին։ Գնացել են, առաջարկություններ են բերել, որոնք մեր ձեռքում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Դրանք հիմնված են Ադրբեջանի սահմանին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության աշխատանքի վրա»,- ասել է Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։ «Հիմա Հայաստանի Հանրապետությունն է նախագահում, այնպես որ, հենց որ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել առաքելությունը, այն կկարողանա սկսել աշխատանքը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։ Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռեւս չկա։ Այս կապակցությամբ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման նիստ անցկացնել՝ առցանց։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք լայնածավալ ներխուժումից հետո դիմել են ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը։ «Գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որոշվել է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել մեր սահման։ Այս առաքելությունը իրականացվել է, կա զեկույց, որը հուսով ենք կքննարկվի խորհրդի հաջորդ արտահերթ նիստում։ Շատ հարցեր կան, որոնք մեզ համար կարեւոր են եւ ուզում ենք տեսնել ու լսել Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, որպեսզի կողմնորոշվենք»,- ասել է նա։
Kommentare