Search

Հանրային հեռուստաընկերությունը կվերականգնի գովազդ հեռարձակելու իրավունքը


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գովազդ հեռարձակելու հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը: Այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Մինչև 2014թ. Հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ունեցել առևտրային գովազդ հեռարձակելու, որը չէր կարող գերազանցել հաղորդումների 7%-ը, դրա արդյունքում առաջացել են ֆինանսական միջոցներ, որոնք հեռուստաընկերությունն օգտագործել է իր կարիքների համար: 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը զրկվել է առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքից: Սույն նախագծով սահմանվում է գովազդի իրավունքի վերականգնում, որը չի կարող տեղի ունենալ մեկ եթերաժամի հաշվարկով ավելի, քան 5 րոպեն»,- ասաց Դանիելյանը:

Օրենքի նախագծով նաև կարգավորվում են սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները՝ ժամը 00:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ և 12 ձեռնպահ ձայներով:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia