Հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում. Գեղամ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ զորակոչին ձևավորվել է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան համանով ձևավորվել է հանձնաժողով, որում ընդգրկվել են նաև նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Աստղիկ Ավետիսյանը, Հակոբ Թադևոսյանը, Խաչատուր Գասպարյանը, Անահիտ Հովնանյանը, Էդուարդ Մանևիդիսը, Արմինե Սադիկյանը, Հռիփսիմե Մարգարյանը և Վահագն Վարագյանը:
«Հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների լուծմանը, դիտարկելու զորակոչի ընթացքը, դրսևորվող միտումները, առանձնացնելու և ներկայացնելու ուշագրավ հարցերը: Այս զորակոչի ընթացքում հանձնաժողովն աշխատում է համաճարակային իրավիճակին բնորոշ բոլոր անվտանգության կանոնները հաշվի առնելով»,- նշում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Այսօր կայացավ հերթական նիստը, որտեղ լսվեց 7 դիմում բողոք, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ, ընդունվել է 37 դիմում, որոնցից քննարկվել է 30-ը: Նիստի մասնակիցների թիվը ողջամտորեն սահմանափակված է ևհանձնաժողովի անդամները կանոնավոր փոխարինում են միմյանց: Հանձնաժողովի և հասարակական խորհրդի անդամ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ «նիստերն այս անգամ գումարվում են առավել հաճախ` կրճատելով քննարկվող դիմում-բողոքների թիվն ու նիստերի տևողությունը, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անվտանգ հեռավորություն նիստի մասնակիցների միջև: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն իր առջև դրված խնդիրը լիարժեք կարողանում է իրականացնել և բանակ-հասարակություն հարաբերությունների տիրույթում բարձրաձայնում է բազմաթիվ հարցեր, որոնք նպաստում են հասարակության վստահության բարձրացմանը, իսկ հանձնաժողովն արդեն իսկ, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, խնդիրների լուծման բանաձևեր է առաջարկում»:
Աշխատանքային տարածքները մշտապես ախտահանվում են և օդափոխվում, հանձնաժողովի անդամներին ևքաղաքացիներին տրամադրվում են ախտահանման ու պաշտպանիչ միջոցներ:
«Հանձնաժողովը սահմանել է կարգ, որ դիմում-բողոքի քննարկմանը մասնակցում են առավելագույնը երկու անձ` զորակոչիկն ու նրա ընտանիքի մեկ անդամ: Դիմում-բողոքը պետք է գրել տանը, դրան կցել անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական փաթեթը հանձնաժողովին փոխանցել մեկ անձի միջոցով կամ ուղարկել փոստով: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից, իսկ պարզաբանումների համար անհրաժեշտ է զանգահարել (010) 523482 հեռախոսահամարով: Համոզված եմ, որ յուրաքանչյուրի գիտակից ու պատասխանատու վարքով կապահովենք հանձնաժողովի բնականոն աշխատանքը»,-նշում է Գեղամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմում- բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով է ձևավորվել հանձնաժողովը:
Commentaires