top of page

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Հակոբ Սիմիդյան

  • Anews
  • Jul 14, 2022
  • 1 min read

«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։ Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովի կազմակերպումը։ «Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,-նշել է նախարարը։ Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը: Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։ Անդրադարձ է կատարվել Արաքս Սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին։ Նախարարը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։ Քննարկվել են ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր: Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գործընկերներին հրավիրել Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները։

 
 
 

Comments


bottom of page