Search

Հայ ընթերցողի սեղանին է Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը»


Հաջողության բացառիկ պատմություն. Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին է: Financial Times-ի և Goldman Sachs-ի 2013 թվականի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր այս գիրքը լույս է տեսել մայիսի 5-ին: Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել «Էդիթ Պրինտ»-ը, թարգմանիչն է Արթուր Վարդիկյանը:

Հանրությանը գիրքը ներկայացվեց օնլայն շնորհանդեսի միջոցով:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ Բրեդ Սթոունի այս ստեղծագործությունը լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում:

Նա նաև առանձնացրեց Ամազոնի 4 հիմնարար սկզբունքները, որոնք մշակել է Բեյզոսը: Դրանք են՝ հաճախորդակենտրոնությունը, գյուտարարության և նորարարության մղումը, հեռահար (երկարաժամկետ) մտածելակերպը, ձախողումը՝ որպես հաջողության տանող ճանապարհը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն էլ փաստեց՝ բազում հետաքրքիր բացահայտումներ է արել՝ կարդալով գիրքը: «Գիրքը շատ լավ է թարգմանված, խմբագրված և մեր ընթերցողին, վստահաբար, կհետաքրքրի: Բեյզոսի հիմնական նպատակն է աշխատել հաճախորդի համար, ոչ թե հակառակորդներին դեմ, և սա շատ կարևոր է: Հուսով եմ՝ այն շատերի համար  սեղանի գիրք կդառնա, և այս գրքի միջոցով մարդիկ կարողանան հաջողել աշխատանքում և բիզնեսում»,-նշեց նա:

Գրքի թարգմանիչ Արթուր Վարդիկյանի խոսքով՝ «Ամեն ինչի խանութ»-ը կույր երկրպագուի գրած գիրք չէ. սա իսկապես չափազանց մանրակրկիտ լրագրողական հետազոտություն է, որի հեղինակ Բրեդ Սթոունը արվում հնարավորինս անաչառ մնալ՝ ներկայացնելով Amazon-ի ու անձամբ Ջեֆ Բեյզոսի գործունեության թե՛ հեղափոխական, թե՛ հակասական կողմերը: Սթոունը՝ պրոֆեսիոնալ լրագրողի պես, զերծ է մնում անձնական գնահատականներից. պարզապես փաստերն է հավաքագրում, բախում է իրադարձությունների մասնակիցների տարբեր կարծիքներն ու հուշերը՝  ի վերջո բոլոր հետևությունները թողնելով ընթերցողին:

«Սթոունի շարադրանքը շատ ցայտուն ցուցադրում է, որ Amazon-ի կայացումը մեկ մարդու՝ Ջեֆ Բեյզոսի հեռատեսական, երբեմն շատ դաժան, երբեմն շատ անարդար, բայց փաստացի ավելի, քան արդյունավետ կառավարման արդյունքն է: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ այս գիրքը նաև «ամեն ինչի խանութի» հոր կենսագրությունն է, քանզի Amazon-ն իր կառուցվածքով, աշխատելաոճով ու գլոբալ փոփոխություններ բերելու անսահման հավակնություններով իր ստեղծողի ճշգրիտ հայելային արտացոլանքն է միայն: Շատ հանգամանորեն ներկայացվում են Բեյզոսի ընտանիքի՝ Կաստրոյի Կուբայից արտագաղթած խորթ հոր ու 16 տարեկանում հղիացած մոր պատմությունը, Բեյզոսի մանկությունն ու պատանեկությունը և իհարկե նրա «արտա-Amazon-ային» նախագիծը՝ տիեզերական հրթիռներ կառուցող ու այլ մոլորակներ բնակեցնելու լուրջ ծրագրեր ունեցող Blue Origin-ը»,-ընդգծեց գրքի թարգմանիչը:

Գիրքը ներկայացնում է Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունը:  «Ամեն ինչի խանութը» կլինի բացահայտող, ամփոփիչ կենսագրականը մի ընկերության, որը համացանցում կատարեց առաջին և ամենամեծ խաղադրույքներից մեկը՝ մեզ համար ընդմիշտ փոխելով գնումներ կատարելու և կարդալու միջոցը: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia