top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայ գերու սպանությունը հերթական վայրագությունն է. Սոֆյա Հովսեփյան


Հայ գերու սպանությունը հերթական վայրագությունն է, նոր բան չէ, մշտապես արվել է և շարունակվելու է, քանի դեռ մենք խաղաղության քարոզ ենք անում, քանի դեռ աշխարհն անտեսում է , չտեսնելու է տալիս, Ադրբեջանն էլ իր հստակ վարքագիծն է թելադրում ողջ աշխարհին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:


Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող կայքը երեկ տեղեկացրեց, որ ադրբեջանցիները սպանել են գերության մեջ գտնվող հայ զինծառայող Էրիկ Մխիթարյանին: Վերջինիս գերեվարության մասին հայտնի էր դարձել դեռևս նոյեմբերի 24-ն համացանցում տարածված տեսանյութերից, սակայն Ադրբեջանը չէր հաստատում գերեվարության փաստը:


«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ հնարավոր է նման վայրագության դրսեւորումներ ապագայում եւս գրանցվեն՝ առավել եւս, երբ Ադրբեջանը շարունակում է հերքել մեր մի շարք հայորդիների՝ գերեվարվելու փաստը՝ չնայած ապացույցներին, պատգամավորը համաձայնեց, որ նման մտավախություն կա։


«Այդ մտավախությունների մասին թե՛ հնարավոր միջազգային քննարկումներին, թե՛ ամեն հնարավոր ձևով բարձրաձայնել ենք, ՄԱԿ-ի գրասենյակ ենք ներկայացրել, պատրաստվում ենք տարբեր դեսպանատներ ներկայացնել»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ կան հաստատված 72 գերիներ, որոնք համեմատաբար ապահով միջավայրում են, Կարմիր խաչը նրանց այցելում է և վիճակը վերահսկելի է, իսկ մնացած գերիները, որոնք հաստատված չեն, վտանգի տակ են.

«Ադրբեջանի գործողությունները պատերազմի ողջ ընթացքում ամբողջությամբ ցեղասպանական, մարդկային արժեքներից դուրս են եղել՝ ծննդատան ռմբակոծումը, խաղաղ բնակիչների ռմբակոծումը, հիվանդանոցների ռմբակոծումները, գերիների նկատմամբ վայրագությունները, զոհվածների դիակների խոշտանգումը… ո․ր մեկի մասին խոսես: Իրենց վարքագիծը որևէ կերպ 1915թ-ի վարքագծից դուրս չեն բերել , իրենց այդ ցեղային մտածողությամբ շարժվել են և շարժվելու են առաջ»,-ասաց Հովսեփյանը:

Պատգամավորը կարծում է, որ գերիների վերադարձի խնդիրը հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում է, սակայն միջազգային հանրությունը շարունակում է անտեսել խնդիրը.

«Աշխարհը 1915թ-ին էլ է աչք փակել, չպետք է մեծ ակնկալիք ունենանք իրենցից, մենք պարզապես ի սկզբանե պետք է թելադրող լինեինք, կապ չունի, որ ունեինք տարածքային կորուստեր, պետք է հենց սկզբից թելադրեինք, տարածքներ կհանձենք այն ժամանակ, երբ բոլոր գերիները վերադառնան»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page