top of page

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ

  • Anews
  • Oct 2, 2022
  • 1 min read

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկի միջազգային դատարաններ: Այս մասին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է  հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ  կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- ասաց նա:

Նշենք, որ տելեգրամ ալիքներում տարածվում է  մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են  անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:

Տեսանյութի հետ կապված ՊՆ-ից հայտնել են, որ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ  չեն կարող հայտնել, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը, իսկ իսկության մասով, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է: 

 
 
 

Comments


bottom of page