Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է անհանգստություն առաջացնել․ Պետդեպ
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է անհանգստություն առաջացնել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումներով։ Մենք տեսնում ենք, որ գրոհներն արդեն երկրորդ օրն է շարունակվում են։ Հատկապես մտահոգիչ են Հայաստանի տարածքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները»,- ասել է նա։ ԱՄՆ-ը «բավականաչափ ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի ներսում եւ զգալի վնաս է հասցնում հայկական ենթակառուցվածքներին»։ Փրայսը հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը էսկալացիայի սկսվելուց գրեթե անմիջապես հետո խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եւ իր մտահոգությունն է հայտնել ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքին հարվածների վերաբերյալ։ «Նա նախագահ Ալիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել զորքերը սահմանից։ Մենք երկու ղեկավարներին թե՛ այս շփումների ընթացքում, թե՛ նախկինում հասկացրել ենք, որ այս հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք երկու կողմերին կոչ ենք արել զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից եւ շարունակել երկխոսությունն ու դիվանագիտությունը։ Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել այս գործընթացում: Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական, Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ֆիլիպ Ռիքերը դեռ Բաքվում է։ Նա հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քարըն Դոնֆրիդն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հարավային Կովկասի խաղաղ եւ բարգավաճ ապագային։ Մենք կշարունակենք ներգրավված մնալ այս գործընթացում եւ կանենք հնարավոր ամեն ինչ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կարգով, որպեսզի այս ռազմական գործողությունները դադարեցվեն»,- ասել է նա։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ կոչ է արել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ «Որեւէ կասկած չկա, որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի վրա, եւ Միացյալ Նահանգները կոչ է արել Ռուսաստանին եւ շարունակում է կոչ անել օգտագործել այդ ազդեցությունը, օգտագործել այդ լծակներն այնպես, որ օգնի ռազմական գործողությունների դադարեցմանը։ Եվ, ավելի լայն իմաստով, լարվածության նվազեցմանը»,- ասել է Փրայսը:
Comments