Search

Հայտարարվել է վայրի ուղտերի որս


Հարավային Ավստրալիա նահանգում հայտարարվել է վայրի ուղտերի որս: Իշխանությունները բացատրել են, որ դա հարկադրված քայլ է, քանի որ ուղտերը չափազանց շատ խմելու ջուր են սպառում, ինչն այժմ մայրցամաքում ոսկու գին ունի: Հիշեցնենք, որ երկրում շարունակում են մոլեգնել անտառային աղետալի հրդեհները: Կրակի ճիրաններում զոհվում են միլիոնավոր կենդանիներ:

Բացի խմելու ջրի մեծաքանակ սպառումից, վայրի ուղտերը խնդիրներ են առաջացնում նաև տեղաբնիկների համար՝ ջրի փնտրտուքներով ներխուժելով նրանց բնակավայրեր և ավիրածություններ անելով: Ուղտերի ոչնչացման օպերացիան կտևի 5 օր և կիրականացվի ուղղաթիռից: Հնարավորության դեպքում նրանց լեշերը կայրեն ու կթաղվեն հողի մեջ:

Ուղտերն առաջին անգամ Ավստրալիա են բերվել 19-րդ դարի կեսերին: Այս քչապահանջ «անապատի նավերը» պետք է յուրացնեին հսկայածավալ անապատային տարածքները: Սակայն այդ ժամանակից ի վեր ուղտերի գլխաքանակն անցել է միլիոնից և գլխացավանք դարձել ավստրալացիների համար: Վայրիացած կենդանիները ոչնչացնում են մշակատարածքները, ավերածություններ անում գյուղերում:

Ամեն 9 տարին մեկ այս կենդանիների պոպուլյացիան կրկնապատկվում է, ուստի նրանց ոչնչացման օպերացիան իշխանությունները համարում են հարկադրված քայլ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia